GovMarket.am

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  30.06.2019Թ-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ                                                                                                  

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. GovMarket.am Էլեկտրոնային առևտրային հարթակ (ԷԱՀ, հարթակհամակարգ) - ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման պայմանագրերի կնքման համար նախատեսված և https://govmarket.am ինտերնետային կայք էջում գործող սարքավորումների և ծրագրային համակարգ:
  2. Շահագործող – ԷԱՀ-ի  տրամադրման ծառայություններ մատուցող իրավաբանական անձ, որը հանդիսանում է ԷԱՀ-ի և սարքավորումների սեփականատերը
  3. Օգտատեր – Պատվիրատու և Մատակարար
  4. Պատվիրատու -  Հարթակում որպես պատվիրատուի ներկայացուցիչ գրանցված ֆիզիկական անձ, որը լիազորված է պատվիրատու իրավաբանական անձի անունից հարթակի միջոցով ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման պայմանագրեր կնքելու նպատակով ձևակերպել պատվերներ
  5. Մատակարար – Tender.am  կայքի բաժանորդ հանդիսացող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը հարթակի միջոցով պատվիրատուների հետ ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու նպատակով ներկայացնում է օֆերտա։
  6. Օֆերտա –Մատակարարի կողմից հարթակում հրապարակված և պատվիրատուներին հասցեագրված ապրանքների, ծառայությունների, աշխատանքների առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ
  7. Ակցեպտ – հարթակում պատվեր կատարելու եղանակով Մատակարարի օֆերտան ընդունելու մասին Պատվիրատուների պատասխանն է:

 

Մի կողմից «Բառուս Գրուպ» ՍՊ ընկերությունը, ի դեմս Ընկերության տնօրեն Ա. Համբարձումյանի, ով գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ ԷԱՀ Շահագործող) և ցանկացած Պատվիրատու կամ Մատակարար, ով միանում է սույն պայմանագրին, (այսուհետ՝ Օգտատեր), ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

  1.      ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 1.1 Սույն պայմանագրի առարկան հանդիսանում է ԷԱՀ-ի շահագործողի կողմից կազմակերպչական, տեխնիկական և իրավաբանական ծառայությունների համալիրի տրամադրումը `օգտատերերին, որոնք.

1.1.1 Որպես պատիրատու օգտագործելով էլեկտրոնային առևտրային հարթակի ծրագրային և ապարատային համալիրը կարող են ձևակերպել պատվերներ՝ Մատակարարների հետ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու նպատակով:

1.1.2 Որպես Մատակարար օգտագործելով էլեկտրոնային առևտրային հարթակի ծրագրային և ապարատային համալիրը կարող են հրապարակել օֆերտաներ՝ Պատվիրատուների հետ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու նպատակով:

1.2   Մատակարարը պարտավորվում է վճարել ԷԱՀ-ի շահագործողի ծառայությունների համար սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն:

  

  1.      ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2.1   Սույն պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանդիսանում է միանալու պայմանագիր:

2.2   Սույն պայմանագրին միանալու պահ է համարվում միացող կողմի կողմից ԷԱՀ-ում գրանցման պահը:

2.3   ԷԱՀ-ում գրանցումը նշանակում է միացող կողմի կողմից տվյալ պահին հարթակում հրապարակված խմբագրությամբ սույն պայմանագրի պայմանների ամբողջությամբ և անվերապահ ընդունում:

2.4   Միացող կողմն իրավունք չունի փոփոխել սույն պայմանագրի պայմանները:   

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1  Շահագործողն իրավունք ունի՝

3.1.1 Արգելափակել Օգտատերի մուտքը ԷԱՀ` վերջինիս կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում։

3.1.2 Մատակարարից պահանջել սույն պայմանագրով սահմանված չափով և ժամկետներում կատարել համապատասխան վճարումներ:

3.1.3 Օգտատերի  կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում միակողմանիորեն լուծել սույն պայմանագիրը՝ պահանջելով վնասների հատուցում:

3.2  Շահագործողը պարտավոր է

3.2.1 Ապահովել ԷԱՀ-ի շուրջօրյա բնականոն անխափան գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ընդհատումների:

3.2.2 Տեղեկացնել Օգտատերերին սույն Պայմանագրի պայմանների ներառյալ ծառայությունների վճարման չափի և պայմանների փոփոխությունների մասին՝ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ ԷԱՀ-ում տեղեկատվություն հրապարակելու միջոցով:

3.3  Օգտատերն իրավունք ունի՝

3.3.1 Մատակարար - ԷԱՀ-ում հարապարակել իր կողմից առաջարկվող ապրանքների մատակարարման, ծառայություների մատուցման, աշխատանքների կատարման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ չարգելված, ինչպես նաև ԷԱՀ-ի ներքին փաստաթղթերին և կանոններին չհակասող ցանկացած օֆերտա:

3.3.2 Պատվիրատու – Ընտրել ցանկացած օֆերտա և ձևակերպել պատվեր։

3.4  Օգտատերը պարտավոր է

3.4.1  Պահպանել ՀՀ օրենսդրության, սույն պայմանագրի և ԷԱՀ-ի ներքին այլ փաստաթղթերի և կանոնների պահանջները։

3.4.2  3.4.1 կետով նախատեսված պահանջների կատարումը հավաստելու նպատակով ԷԱՀ-ի Շահագործողի կողմից փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ տրամադրելու պահանջ ստանալու դեպքում 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս ներկայացնել պահանջվող փոստաթղթերը և (կամ) տեղեկությունները:

3.4.3  Ապահովել ԷԱՀ-ի Շահագործողին տրամադրվող ինչպես նաև ԷԱՀ-ում ստեղծվող, ԷԱՀ-ի միջոցով տրամադրվող բոլոր փաստաթղթերի և տեղեկատվության ամբողջականությունը և ճշգրտությունը:

3.4.4  ԷԱՀ-ի շահագործողին տրամադրված փաստաթղթերում փոփոխություններ կատարվելու դեպքում ոչ ուշ քան 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ԷԱՀ-ի միջոցով տրամադրել Շահագործողին փոփոխված փաստաթղթերը:

3.4.5  Ապահով պահպանել և չտրամադրել այլ անձանց ԷԱՀ-ի մուտքանունը և գաղտնաբառը

3.4.6  Կատարել սույն պայմանագրի 4-րդ կետով սահմանված համապատասխան վճարումներ

 

4  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1   Պատվիրատուի համար հարթակում գրանցումը անվճար է և ձևակերպված պատվերներից  վճար չի գանձվում:

4.2  Մատակարարի համար ծառայությունների արժեքը հաշվարկվում է հարթակում հրապարակված սակագներին համապատասախան:

4.3 Մատակարարը ԷԱՀ-ի ծառայությունների համար վճարում է բանկային փոխանցման միոցով, վճարման հաշվի ստացման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցելով սույն պայմանագրում նշված Շահագործողի հաշվարկային հաշվին:

 

5  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

5.1  Մատակարարի մասով Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միանալու պահից  և գործում է մինչև Tender.am կայքում բաժանորդագրության ժամկետի ավարտը:

5.2  Պատվիրատուի մասով Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միանալու պահից  և գործում է անժամկետ:

5.3  Օգտատիրոջ կողմից Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել այդ մասին Շահագործողին 30 (երեսուն) օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով:

5.4  Շահագործողը միակողմանի կարող է կատարել Պայմանագրի փոփոխություններ,  որոնք հրապարակվում են հարթակում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից սկսած 5-րդ (հինգերորդ) աշխատանքային օրը:

 

6  ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1  ԷԱՀ-ի միջոցով Օգտատերերի միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար Շահագործողը պատասխանատվություն չի կրում:

6.2  ԷԱՀ-ի միջոցով Օգտատերերի կողմից  միմյանց փոխանցված էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության, ինչպես նաև այն փոխանցելու միջոցով վերջիններիս միջև ծագած պարտավորությունների համար Շահագործողը պատասխանատվություն չի կրում:

6.3  Մատակարարի  կողմից սույն Պայմանագրի 4.2 կետով նախատեսված ժամկետում վճարները  չվճարելու դեպքում Պատվիրատուն Շահագործողին վճարում է տուգանք՝ չվճարված գումարի 20 (քսան) տոկոսի չափով:

6.4  Մատակարարի  կողմից սույն Պայմանագրի 4.2 կետով նախատեսված ժամկետում վճարները  չվճարելու դեպքում Պատվիրատուն Շահագործողին յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0,15 (զրո ամբողջ տասնհինգ) տոկոսի չափով: Տույժերի ընդհանուր հաշվարկը չի կարող գերազանցել ընդհանուր պարտքի 50 (հիսուն) տոկոսը:

 

7  ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

7.1  Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, ինտերնետային կապի դադարեցումը, Ինտերնետային կայքի սպասարկման (hosting) դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ պայմանագրի լուծման համաձայնագիր կնքելու միջոցով` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

8  ԿՈՂՄԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

8.1  Սույն պայմանագրից բխող գործառույթների իրականացման համար Կողմերը նախատեսում են հաղորդակցման հետևյալ տեսակները.

  •        ԷԱՀ-ի միջոցով
  •        էլ. փոստի միջոցով.

8.2  Կողմերը իրենց փաստաթղթաշրջանառությունը և տեղեկությունների փոխանցումը կատարում են բացառապես վերը նշված հեռահաղորդակցման միջոցներով և նշված միջոցներով փաստաթղթերը,  տեղեկությունները, պատվերները և սույն պայմանագրի հետ կապված բոլոր այլ անհրաժեշտ միջոցները համարվում են պատշաճ տրամադրված, Կողմերից մեկի կողմից այն մյուս Կողմին փոխանցելու պահից:

8.3  8.1 կետում նախատեսված հաղորդակցման տվյալների, ինչպես նաև հասցեների /իրավաբանական, գործունեության/ փոփոխության դեպքում Կողմերը պարտավոր են այդ մասին 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել մյուս կողմին՝ տրամադրելով փոփոխված տվյալները:

9  ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1 Կողմերի միջև Պայմանագրի շուրջ առաջացած վեճերը լուծվում են կողմերի անմիջական բանակցությունների միջոցով:

7.2 Անմիջական բանակցություններ սկսելու օրվանից մեկ ամսվա ընթացքում տարաձայնությունները չլուծվելու դեպքում դրանք ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

10  ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

10.1 Սույն պայմանագիրը կազմված է հայերենով, բաղկացած  է 6 (վեց) էջից:

10.2 Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԷԱՀ Շահագործող

«Բառուս Գրուպ» ՍՊԸ

ք. Երևան, Արշակունյաց 2, 430

ՀՎՀՀ 01847616

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

Հ/Հ 163008012516

Տնօրեն՝ Ա. Համբարձումյան